27 հունիսի 2011 - 18:58 AMT
Հայաստանում բացվել է դպրոց Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների համար

Հունիսի 27-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ կազմակերպված Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ջերմորեն ողջունելով Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոցի մասնակիցներին, կարևորել է տեղեկատվական պատերազմում ինչպես հարկն է հանդես գալու և հակառակորդին պատշաճ հակահարված տալու անհրաժեշտությունը: Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010թ. հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հայ լրագրողների 5-րդ համաժողովին, որի որոշումներից մեկն էլ կյանքի կոչելով` այսօր կազմակերպվում է Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոցը` Սփյուռքի լրատվամիջոցներին համապատասխան որակյալ կադրերով ապահովելու, երիտասարդ, շնորհաշատ լրագրողներին վերապատրաստելու նպատակով: