28 հունիսի 2011 - 15:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օգոստոսի 14-ին կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կենտրոնի նպատակն է, որ երեխաները ծանոթանան բարձր տեխնոլոգիաներին, ուսանեն, փորձ ձեռք բերեն և հնարավորություն ունենան իրենց սիրած ուղղություններով մասնագիտանալ։

«Այստեղ երեխաները կկարողնան սովորել և զարգացնել իրենց հմտությունները և մոտ ապագայում ցուցադրել իրենց ստեղծագործությունները։ Մեր երեխաների մեջ մեծ ստեղծագործական պոտենցիալ կա։ «Թումո»-ի ծրագրով նրանք 1-ին փուլում կսովորեն, թե ինչպես խաղեր, թվային ֆիլմեր, վեբ դիզայն և անիմացիա պատրաստել»,- նշեց Մարի Լու Փափազյանը։

1-ին մեկուկես տարի տևողությամբ փուլը կարող են անցնել բոլորը. կենտրոնն անվճար է և առանց ընդունելության է գործում։ Ըստ Մարի Լու Փափազյանի՝ յուրաքանչյուր պատանի շաբաթական 4 ժամ հնարավորություն կունենա ուսանել կենտրոնում. «Ուսուցումն անցկացնում ենք դպրոցական ժամերից հետո, որ չխանգարենք դասերին»։

Իսկ 2-րդ փուլն ընտրությամբ է։ Ինչպես նշեց Մարի Լու Փափազյանը, բոլոր այն երեխաները, ովքեր կունենան ամենաշատ մոտիվացիան, կանցնեն 2-րդ փուլ և արդեն այս փուլում նրանք օգնելու են դասընթացներ կազմակերպել և դասավանդել 1-ին փուլի սովորողներին, խմբային աշխատանքներ են տանել և էլ ավելի խորանալ իրենց ընտրած ուղղության մեջ։

«Ուսուցման վերջում մենք ցուցադրելու ենք երեխաների ստեղծագործություները ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, օգնելու ենք նրանց մասնակցել մրցույթների և թրեյնինգների», ասաց Մարի Լու Փափազյանը և ավելացրեց, որ դասավանդողները լինելու են թե՛ հայ, թե՛ օտարազգի մասնագետներ։

ՖՈՏՈՇԱՐՔ