29 հունիսի 2011 - 11:34 AMT
Հայ լեռնագնացները կնվաճեն Իրանի ամենաբարձր լեռը

2011 թվականի մարտի 1-ից իր գործունեությունը սկսեց Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Նրա նպատակներն են զարգացնել երկրում լեռնային սպորտաձևերը, նպաստել ակտիվ հանգստին երիտասարդության շրջանում, ներկայացնել Հայաստանը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:

Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր: Վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին և լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները: