ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնում են ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ավարտի մասին։
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ակադեմիկոս Նորայր Առաքելյանը,ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը, բնական գիտությունների՝ Վիլեն Հակոբյանը, քիմիական և Երկրի մասին գիտությունների՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը: Իսկ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Նորընտիր ակադեմիկոս-քարտուղարները, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանն ի պաշտոնե ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմի մեջ:
ՀՀ ԳԱԱ նախագահության ազատ անդամներ ընտրվեցին ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, Կառլեն Ադամյանը, թղթակից անդամներ Արամ Պապոյանը, Գևորգ Պողոսյանը և Արամ Սիմոնյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գոհունակություն հայտնեց այն միասնականության համար, որը ցուցաբերված ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ժամանակ և վստահություն հայտնեց, որ նման միասնականություն կցուցաբերվի նաև գիտության զարգացման ծրագրերի իրականացման, հասարակության կյանքում ակադեմիայի և գիտնականի դերի ամրապնդման գործում: