1 հուլիսի 2011 - 17:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ճարտարապետներն իշխանությանը կոչ են անում հրապարակում թմբուկ կառուցելուց առաջ լավ մտածել

Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում թմբուկի հիմքերը դնելու մասին որոշումն ընդունելիս պետք է հաշվի նստեր հասարակության կարծիքի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքով, հայ հասարակությունը թմբուկի կառուցման դեմ հանդես չի գալիս, սակայն այդ որոշումը վաղաժամ է համարում:

Անդրադառնալով այն պնդմանը, որ թմբուկի կառուցման նպատակը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծն ավարտին հասցնելն է, Պետրոսյանն ասել է, որ Թամանյանը բազմաթիվ անավարտ նախագծեր ունի, որոնցից մեկն էլ Վլադիմիր Լենինի հուշարձանն է` Օպերայի շենքի դիմաց, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ճարտարապետները մտադիր են այդ գաղափարը կյանքի կոչել:

Հայաստանի Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն իր հերթին նշել է, որ նախքան նման որոշում ընդունելը անհրաժեշտ էր ամեն ինչ նախապես ծրագրել: Նրա խոսքով, նման հարցում չի կարելի հապշտապ որոշումներ կայացնել: «Մենք իրավունք չունենք սխալական որոշումներ կայացնել այդ հարցում»,- նշել է նա` ավելացնելով, որ Հանրապետության հրապարակը Հայաստանի պետականության խորհրդանիշն է, և հրապարակի դեմքը չի կարելի ապականել:

ՖՈՏՈՇԱՐՔ