4 հուլիսի 2011 - 14:47 AMT
Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը Երևանում անձամբ է ներկայացնելու իր ֆիլմը

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ ներկայացնելու է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Անատոլիայում բնակվող բժիկի մասին: Ներկայացված են նաև նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն: Շարունակ թվում է, որ «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, սակայն այնտեղ ամեն ինչ հարթ է և միապաղաղ: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ հանդիսատեսին առաջարկում է էքսցենտրիկ լուծումներ` ցույց տալով կյանքի լուսավոր և դաժան կողմերը:

Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: