5 հուլիսի 2011 - 14:25 AMT
Արմավիրում բացվելու է նոր քրեակատարողական հիմնարկ

Արմավիրում կառուցվելու է նոր քրեակատարողական հիմնարկ, որի մի մասը շահագործման կհանձնվի 2013 թ-ին: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Թովմասյանի խոսքերով շենքը զբաղեցնելու է 21 հազ. քմ տարածք, որտեղ, ըստ նրա, տեղավորվելու են 3000-3500 դատապարտյալ: Քրեակատարողական հիմնարկի կառուցման համար պետական բյուջեյից արդեն տրամադրվել է 1 մլրդ դրամ: Շենքը ամբողջովին պատրաստ կլինի 3 տարի հետո: Բացի դրանից, նախատեսված է նաև Գորիսի և Երևանյան քրեակատարողական հիմնարկների տարածքների ընդլայնում:

Հրայր Թովմասյանը այս քայլը պայմանավորեց նրանով, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները խիստ լցված են, իսկ դատապարտյալները շարժվելու տեղ չունեն: «Դատապարտյալի միակ պատիժը պետք է լինի ազատազրկումը», ասաց Թովմասյանը:

Թովմասյանը նաև հայտնեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրում է 4600 դատապարտյալ, որոնցից 160-ը կանայք են, 25-ը` անչափահաս: Կրկնահանցագործության համար դատապարտվածների քանակը կազմում է 30 տոկոս: