5 հուլիսի 2011 - 15:30 AMT
Պաշտոնական Թբիլիսիիի համար անընդունելի է, որ Հայաստանը չի օժանդակել փախստականների վերաբերյալ բանաձևի ընդունմանը

Պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարում այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Անցյալ շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 57 «կողմ» և 13 «դեմ» ձայներով ընդունել է «Վրաստան, Աբխազիայից և Վրաստան, Հարավային Օսեթիայից/Ցխինվալիի շրջանից փախստականների և ներքին տեղահանվածների դրությունը» Վրաստանի վերաբերյալ բանաձևը: Հայաստանը բանաձևի դեմ է քվեարկել:

Կալանդաձեի խոսքով, «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»:

«Մենք գիտենք նրանց (Հայաստանի) դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից, և մենք բացեիբաց հայտարարում ենք մեր բարեկամներին (Հայաստանին), որ նման դիրքորոշումը Վրաստանի համար անընդունելի է»,- հայտնել է փոխնախարարը: Նրա խոսքով, «Վրաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին` աջակցելու խնդրանքով»:

«Մենք ցավով ենք ընդունում այն փաստը, որ Հայաստանը չկիսեց մեր պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Առավել ևս, որ մենք պաշտոնապես հայտարարել էինք, որ այդ բանաձևը միայն հումանիտար բնույթ ունի և քաղաքական մոտիվացիա չի առաջադրում»,- ասել է Կալանդաձեն:

Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հայաստանյան գործընկերներին համոզի իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում», հաղորդում է Նովոստի-Գրուզիան: