5 հուլիսի 2011 - 16:09 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է անում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կողմերի միջև մնացող տարաձայնությունները չպետք է խանգարեն հիմնարար սկզբունքների ընդունմանն ու անցմանը հաշտության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած Կազանում կողմերն ամփոփիչ համաձայնության չհասան «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, որոշակի առաջընթաց է գրանցվել: Հաղորդվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են խորհրդատվություններ անցկացնել Մոսկվայում և մոտ ապագայում հերթական այցը կատարել տարածաշրջան: