5 հուլիսի 2011 - 17:53 AMT
ԼՂՀ զբոսաշրջության վարչությունը Գանձասարի պարիսպը երեսպատելու թույլտվություն չի տվել

Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերը երեսպատվում են: Ինչպես PanARMENIAN.Netի թղթակցին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «այն թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»:

Ս. Սարգսյանը նաև հավելեց, որ վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում: Սարգսյանի կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաև համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի գնահատման իր չափանիշները և նման երևույթները չեն մտնում այդ չափորոշիչների մեջ:

Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: