6 հուլիսի 2011 - 11:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գանձասարի պարսպի երեսպատման դեմ հանդես է գալիս «Չենք լռելու» նախաձեռնությունը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են Գանձասարի 13-րդ դարի պարսպի երեսպատումը, պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին և կոչ է անում մոսկվայաբնակ հայ գործարարին հրահանգել շտապ կասեցնել այն և զգուշորեն հեռացնել մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net-ը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` ռուսաստանաբնակ մեծահարուստ Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «պարսպապատումը թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»: Սարգսյանի խոսքերով վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում և նույնիսկ կարող է խոչնդոտ հանդիսանալ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար:Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: Facebook-ում կա նաև հարցում, որտեղ մի քանի ժամվա ընթացքում 82 մարդ դեմ է արտահայտվել պարսպի երեսպատմանը, իսկ մեկ մարդ` կողմ:

ՖՈՏՈՇԱՐՔ