Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստը կայացել է Ռուսաստանի ԹՀԴԾ տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ:
Նիստում կարծիքների կառուցողական փոխանակություն է կայացել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների, ինչպես նաև Աֆղանստանի տարածքից բխող թմրանյութային սպառնալիքին հակազդելու կայուն մեխանիզմների զարգացման շուրջ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հայտնել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բխում է Հայաստանի պետական շահերից, և Հայաստանը մենակ չի կարող պայքարել այդ երևույթի դեմ: Այս համատեքստում Սարգսյանն ընդգծել է հարևան պետությունների հետ մշտական փոխգործակցության և կապերի պահպանման կարևորությունը: ՀՀ Ոստիկանության պետի խոսքով, ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանը երբեք թմրանյութերի շրջանառության համար տարանցիկ երկիր չդառնա: Նրա խոսքով, ներկայումս իրադրությունը վերահսկելի է և անհանգստության համար պատճառներ չկան:
Հայաստանի Ոստիկանության պետը հաղորդել է նաև, որ հոկտեմբերի 12-ից 14-ը Երևանում կկայանա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների և ոստիկանության պետերի խորհրդակցություն, որի շրջանակում կքննարկվի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը: