6 հուլիսի 2011 - 18:25 AMT
Հայտնի է դարձել Անիի 1050-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Այսօր ՀՀ կառավարությունում հաստատվել է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, նախապատրաստման հանձնաժողովի կազմը, ու դրանց ֆինանսավորման հետ կապված հարցեր: Ըստ ծրագրի` նախատեսվում է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով, ցուցահանդեսներ Հայաստանում և Սփյուռքում, հրատարակել Անիի լուսանկարների ալբոմ: Հոբելյանական միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկվել է ստեղծել նաև Անի մայրաքաղաքի եռաչափ ցուցադրության կայք, նկարահանել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի մասին պատմող ֆիլմ:

Նիստի ավարտին հայտարարվել է, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Որոշումը կայացվել է Անիի 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: