Հրազդանի ու Աբովյանի երկաթե հանքավայրերի հնարավոր շահագործումը ոչ միայն կվտանգի այս քաղաքաները, այլև կաղտոտի Երևանի խմելու ջրի 35 տոկոսը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: «Զարմանում եմ, թե ինչպես են այս նախագծերը ստացել դրական փորձագիտական եզրակացություն, երբ այդ հանքավայրերի շրջակայքում ջրի աղբյուրներ կան, որոնք կաղտոտվեն հանքավայրերի շահագործման հետևանքով»,- ասաց Զարաֆյանը` նշելով, որ հանքարդյունաբերության ոլորտում տիրող վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
Բնապահպանների անհանգստությունն ավելի է մեծացել, երբ ուսումնասիրելով ՀՀ էներգետկայի ու բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալները, նկատել են, որ Հայաստանում այս տարի միայն 38 լիցենզիա է տրամադրվել ոսկու հանքավայրերի շահագործման համար: “Մենք հիմա Հայաստանում նկատում ենք մի փուլ, որը կարելի է անվանել “ոսկու տենդի” փուլ”,- նկատեց “Էկոլուր”-ի ղեկավարը:
Ինգա Զարաֆյանին անհանգստացնում է նաև այն, որ հանքավայրերը շահագործող մեծ ձեռնարկությունները բնությունը աղտոտելու դիմաց այդպես էլ պետբյուջե չեն ուղղում հանքավայրերի շահագործումից ստացված գումարները: “Ստացվում է, որ պետության բնական պաշարները կենտրոնացված են մի քանի ձեռնարկությունների ձեռքում, որոնք զավթիչների նման փորձում են մինչև վերջ օգտագործել հանքավայրերի պաշարները”,- ասաց նա: Ինգա Զարաֆյանը գտնում է, որ բնության աղտոտման համար անհրաժեշտ է կրկնակի հարկման ենթարկել հանքարդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունները, որպեսզի դրանք սկսեն օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք շատ չեն աղտոտի շրջակա միջավայրը: