7 հուլիսի 2011 - 15:54 AMT
Տիգրան Սարգսյանը Դոնի Ռոստովում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Դոնի Ռոստով քաղաքում հուլիսի 8-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Հուլիսի 8-ին ՀՀ վարչապետ, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանն առանձնազրույց կունենա ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինի հետ, այնուհետև կմասնակցի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի և Իգոր Լևիտինի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ կառավարության ղեկավարը նաև կայցելի «Ռոսսելմաշ» կոմբայնների գործարան, կլինի լազերային և կոմբայնների հավաքման արտադրամասերում:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին կառավարության մամլո ծառայությունից, հուլիսի 9-ին Տիգրան Սարգսյանը կայցելի Դոնի Ռոստովի հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցի, կլինի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում և կհանդիպի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մի շարք փոխնախարարներ և այլ պաշտոնատար անձինք։