7 հուլիսի 2011 - 17:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում բացվեց Դալիի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես (160 աշխատանք)` նվիրված սյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, Լեոնոր Ֆինիին, Ջորջո դե Կիրիկոին: Բացի դրանից, ներկայացվեցին նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացվեցին նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանի խոսքով ցուցահանդեսը կայացավ մեծ դժվարությամբ, սակայն բացահայտվեց հայ նկարիչների սյուրռեալիստական աշխատանքների առկայության փաստը:

Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվեցին Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 15-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ