7 հուլիսի 2011 - 17:09 AMT
Մալայզիայի դեսպանը հանձնեց հավատարմագրերի պատճենը ՀՀ փոխարտգործնախարարին

Հուլիսի 7-ին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զիանոլ Աբիդին Բին Օմարին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝ փոխնախարար Ղազինյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Մալայզիայի դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-մալայզիական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:

Դեսպանըշնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների մշտական ներկայացուցչությունների մակարդակով կանոնավոր շփումները:

Զրույցի ընթացքում փոխարտգործնախարարը եւ դեսպանն անդրադարձան նաեւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի: