8 հուլիսի 2011 - 09:25 AMT
Վերլուծաբանները շաքարի նոր ռեկորդային գների են սպասում Բրազիլիայի վատ բերքի պատճառով

Բրազիլիայում, որը շաքարի խոշորագույն արտահանողն է, շաքարի արտադրությունը 2011 թվականին կարող է կտրուկ կրճատվել վատ եղանակային պայմանների և շաքարեղեգի պլանտացիաների ծերացման պատճառով: Ինչպես հաղորդում է Վեստի.Ռու կայքը, այս կապակցությամբ, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, պետք է շաքարի գների անխուսափելի աճ ակնկալել: Վերլուծաբանների կարծիքով, եթե բրազիլացիների վատ բերքի կանխատեսումներն արդարանան, ապա պետք է շաքարի գնի թանկացում սպասել մինչև 36 ցենտ մեկ ֆունտի դիմաց, ինչը նոր ռեկորդային գին է վերջին 30 տարվա ընթացքում: Շաքարեղեգի արդյունաբերության բրազիլական ընկերակցությունը (Unica) երկրի կենտրոնական և հարավային շրջաններում շաքարեղեգի բերքի կանխատեսումները նվազեցրել է 1 միլիոն տոննայով` համեմատած 2010 թվականի հետ: Անցյալ տարի այդ գյուղատնտեսական կուլտուրայի բերքը կազմել էր 33,5 միլիոն տոննա: Բրազիլիայի ֆերմերների կանխատեսմանն ուշադրությամբ հետևում են շաքարի արդյունաբերությունն ու հումքի բորսային առևտրականներն ամբողջ աշխարհում, հինգշաբթի օրը հաղորդել է Financial Times թերթը:

Հումքի հնարավոր պակասը կարող է շաքարի տրենդի կտրուկ փոփոխության հանգեցնել, որի արժեքը փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում նվազել է 43 տոկոսով: Օգոստոսին շաքարի հումքի մատակարարման պայմանագրերը չորեքշաբթի օրը արդեն աճել են 34 տոկոսով` մինչև 27,44 ցենտ մեկ ֆունտի դիմաց: