11 հուլիսի 2011 - 14:32 AMT
Ըստ Տիգրան Դավթյանի, «Զվարթնոցի» սառնարանային համալիրի ծառայությունների գները հիմնականում արդարացված են

«Զվարթնցի» օդանավակայանի սառնարանային համալիրի աշխատանքի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում: Ըստ նրա, գյուղմթերք արտադրողները արդեն սկսել են օգտվել այդ տերմինալից իրենց ապրանքն արտահանելու համար: Հիմնականում դա վերաբերում է ծիրանին, քանի որ օդային փոխադրումներն արդարացված են, երբ ապրանքը բարձրորակ է ու արժեքավոր:

Անդրադառնալով գներին՝ նախարարն ասել է, որ գները մատչելի են: «Առաջին հերթին, հոգեբանական պատրաստվածություն էր պետք՝ նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ: Ես կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն այն մարդկանց տպավորությունները, որոնք արդեն օգտվել են այդ ծառայություններից»,-ասել է Դավթյանը: Այդ առնչությամբ նախարարը հավելել է, որ աշխատանքի վերջնական արդյունքները կամփոփվեն սեզոնի ավարտին: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է նախարարը, սառնարանային համալիրի ծառայություններից օգտված ընկերությունների տպավորությունները դրական են:

Դավթյանն աննպատակահարմար է համարել հրապարակել ծառայություների գնացուցակը, «քանի որ մարդիկ կարծում են, որ դա շատ թանկ է, սակայն, գներն ընդունելի են բարձրորակ արտադրանքի համար»: 1 տոննա գյուղմթերքի պահպանման գինը 24 ժամվա ընթացքում 3-5 հազար դրամ է:

Սառնարանային համալիրը բացվել է մայիսի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: