12 հուլիսի 2011 - 10:44 AMT
Մեդվեդևը և Օբաման քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը հեռախոսազրույցում

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համակարգման հարցերը, ինչը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծմանը:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ, Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման մասին: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել իր ռուս պաշտոնակցի քայլերն այդ ուղղությամբ, մասնավորապես, վերջերս Կազանում կայացած Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման շրջանակներում: Ընդ որում, երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս համակարգված քայլեր ձեռնարկել նպաստելու համար Բաքվին և Երևանին խաղաղ կարգավորման հարցում:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: