12 հուլիսի 2011 - 15:50 AMT
Պարսիկ զբոսաշրջիկներն իրենց շատ ազատ են զգում Հայաստանում

Իրանի քաղաքացիները վերջին տարիներին հաճախակի են այցելում Հայաստան և այդ մասին է վկայում այցերի աճի ցուցանիշը, որը 2010թ. 2009-ի համեմատ 40 տոկոս է կազմել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը :

Պարսիկների քանակը Հայաստանում ավելանում է արդեն ոչ միայն գարնանը, երբ նրանք ժամանում են այստեղ նշելու Նովրուզը, այլ նաև այս սեզոնին: «Որպես կանոն, պարսիկները Հայաստան են ժամանում ընտանիքներով և շատ ազատ են իրենց զգում այստեղ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Մեխակ Ապրեսյանը, պարսիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում 7 տոկոս է կազմում և այդ ցուցանիշը դեռ կաճի:

Անդրադառնալով այն հարցին, որ հայաստանցիների շրջանում որոշ դժգոհություն կա պարսիկների այցելությունների հետ կապված, նա նշել է.«Գալիս են՝ դժգոհ ենք, չեն գալիս՝ էլի դժգոհ ենք, այնուամենայնիվ, պարսիկ զբոսաշրջիկները բավականին մեծ գումարներ են ծախսում մեզ մոտ, ինչը դրական է անդրադառնում տնտեսության վրա»: