12 հուլիսի 2011 - 16:14 AMT
Հարավային Սուդանը լավ նախադեպ է ղարաբաղյան կարգավորման համար, գտնում է Հայաստանի կոմկուսը

Ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է լուծել Հարավային Սուդանի հակամարտության օրինակով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը: «Հարավային Սուդանի օրինակը ամենաընդունելին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից: Սկզբում անցկացվեց հանրաքվեն, հետո լուծվեցին մյուս հարցերը»,-ասել է Թովմասյանը:

Ըստ Թովմասյանի, Ղարաբաղի դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ նաև այն, որ Ղարաբաղում գլխավոր լեզուն միշտ եղել և մնում է հայերենը:

Հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես անջատվեց Սուդանի Հանրապետությունից և դարձավ անկախ պետություն: Անկախությունը հռչակվեց 21-ամյա քաղաքացիական պատերազմից հետո, որը խլեց 1-2 մլն մարդու կյանք: Հրադադարի մասին համաձայնագիրը կնքվեց 2005թ.: Հանրաքվեն կայացավ 2011թ.: Քվեարկության ժամանակ Հարավային Սուդանի բնակչության 98 տոկոսը արտահայտվեց պետության անկախության ստեղծման օգտին:

Հարավային Սուդանի անկախությունն առաջինը ճանաչեց Սուդանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- նշել է նա: