12 հուլիսի 2011 - 19:04 AMT
Հայաստանի ընդերքը թալանողների հակառակորդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի մոտ

Հուլիսի 14-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա` ուղղված հանրապետության ընդերքի ազգային հարստությունը յուրացնելու դեմ:

«Եկեք և արտահայտվեք ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին, ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը, ընդդեմ հանքարդյունաբերողների, որոնք ստանալով հսկայական եկամուտներ, արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների մամլո հաղորդագրությունում: