12 հուլիսի 2011 - 19:40 AMT
Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի համեմատ ունի ձկան արտադրության ամենազարգացած շուկան

Հայաստանը տարածաշրջանում ունի ձկան արտադրության և արտահանման ամենազարգացած շուկան: «The Financial» վրացական հրատարակության համաձայն այս ոլորտը չի կարող զարգանալ Ադրբեջանում վատ ջրային պայմանների պատճառով:

«Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի համեմատ ունի ձկան արտադրության ամենազարգացած շուկան: Հայաստանը 10 անգամ ավելի շատ է կիրառում ձկան կեր, քան Վրաստանը, այսինքն նրա արտադրությունը 10 անգամ ավել է»,- ասել է «Aquafeed Georgia» վրացական ընկերության գործադիր տնօրեն Իրակլի Պատարայան:

Հայաստանի համար ամենամեծ շուկան Ռուսաստանն է. 2010-ին Հայաստանի թարմ և սառեցված ձկան արտահանումը ավելի քան կրկնապատկվել է` հասնելով շուրջ 400 մետրական տոննայի: Ավելին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ հայկական ձկան արտահանումը Ռուսաստան 2011-2012-ին կարող է ավելանալ երկու անգամ:

Հայաստանի Ձկնաբույծների ասոցիացիայի տվյալներով, Հայաստանում ձկան արտադրության պոտենցիալը կազմում է տարեկան 300 հազար տոննա, իսկ Հայաստանի ձկնաբուծական ոլորտի ծավալը արտահանման շուկաների առկայության դեպքում կարող է կազմել առնվազն 1.5-2 մլրդ դոլար:

Հայաստանի բնապահպանության նախարարության տվյալների համաձայն Արարատի և Արմավիրի մարզերում գրանցված են 239 ձկնաբուծական տնտեսություններ: