13 հուլիսի 2011 - 17:26 AMT
Փորձագետ. ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության

ԵԱՀԿ որպես կազմակերպություն իր վրա կոլեկտիվ պարտավորություն է վերցրել մարդու իրավունքները հարգելու հարցում, իսկ այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ է, լիովին ներառվում է մարդու իրավունքների ոլորտում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի հարցերով փորձագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի շահերի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքով, ելնելով այդ իրողություններից, ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության:

Նրա համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ այսօրվա ձևաչափը կախվածության մեջ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անհրաժեշտ է այլ իրավական ատյան գտնել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները վերականգնելու համար: Անդրեաս Ղուկասյանն առաջարկել է լուծել ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Իրավարար դատարանում, որտեղ կորոշեն ԼՂՀ անկախության հռչակման օրինականությունը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հայերի իրավունքներին, Ղուկասյանը հայտարարել է, որ նրանք 20 տարվա ընթացքում չեն տեսել հակամարտության լուծման ոչ մի տարբերակ, որը կբխեր նրանց իրավունքները վերականգնելու սկզբունքից: «Հենց այդ պատճառով Ադրբեջանի հայերը որոշել են ձևավորել տեղական ինքնակառավարման մարմիններ և հանդես գալ որպես առանձին և ինքնուրույն կողմ ղարաբաղյան հակամարտության մեջ»,- ասել է Ղուկասյանը: