13 հուլիսի 2011 - 18:38 AMT
Բաքուն լրջորեն առաջարկո՞ւմ է Երևանին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին

Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին: Այդ մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա համամիտ չէ այն ԶԼՄ-ների հետ, որոնք գրում են, թե Կազանի հանդիպումը ձախողվեց: Ըստ Մամեդյարովի, Կազանը թույլ տվեց կողմերին առաջ շարժվել և որոշակի առաջընթացի հասնել:

Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել խաղաղ պայմանագրի մշակմանը՝ հասկանալով, թե ինչն է արդեն մշակված: «Մենք հասկանում էինք, որ կան չհամաձայնեցված տարրեր, սակայն ցանկացած դեպքում դրանք պետք է արտահայտվեն խաղաղ պայմանագրում, և եթե իրականում կա բարի կամք, ապա եկեք միանգամից աշխատենք դրանց վրա, չսպասելով հիմնարար սկզբունքների վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին»,-ասել է Մամեդյարովը:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: