13 հուլիսի 2011 - 21:50 AMT
ՀԱԿ պահանջում է դադարեցնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող ֆինանսական տուգանքը

«Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից` վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի»,- ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:

Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը և պահանջում դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական տուգանքը։

2008թ. փետրվարին Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը: Դատարանի որոշմամբ, Բագրատյանից բռնագանձել է 1,2 միլիոն դրամ տուգանք և պարտադրել համապատասխան տեքստով ներողություն խնդրել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանից։ Բագրատյանը հրաժարվել է կատարել պահանջը, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանել։