14 հուլիսի 2011 - 11:59 AMT
Սենատոր Մենենդեսը հուսով է, որ Ջոն Հեֆերնն անպայման կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ մի շարք բարդ հարցեր է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնին այն մասին, թե արդյոք նա ցեղասպանություն է համարում 1915թ. իրադարձությունները: «Ճանաչո՞ւմ եք Դուք արդյոք, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է 1,5 հայերի զանգվածային ոչնչացում, բռնագաղթ և էթնիկ զտում»,-հարցրել է Մենենդեսը Հեֆերնին: Վերջինս պատասխանել է, կրկնելով նախագահ Օբամայի խոսքերը, որ ինքը ճանաչում է հայերի զանգվածային սպանություններն ու բռնագաղթը: Հեֆերնը նշել է,որ այդ իրադարձությունների բնութագրումը քաղաքական որոշում է, այն արտահայտված է Օբամային հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի ուղերձում:

Սակայն Հեֆերնը հստակ պատասխան չի տվել, թե արդյոք ԱՄՆ-ն համարում է Թուրքիային Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ հայտարարելով, թե նա ենթադրում է, որ այո: Այն ժամանակ Մենենդեսը ընթերցել է Ցեղասպանությունների կանխարգելման ու պատժի մասին կոնվենցիայից մի հատված՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն ընդունել է այն: Սենատորի այն հարցին, թե կարդացել է արդյոք Հեֆերնը Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի նամակներն ու վկայությունները, Հեֆերնը դրական է պատասխանել՝ հավելելով, որ «ԱՄՆ դիվանագետները հայտնում էին այն ամենի մասին, ինչ տեսնում էին և գնահատական էին տալիս»:

Մենենդեսը հիշեցրել է Հեֆերնին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմաթիվ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ն այդ իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, սակայն քաղաքական կամք չունի «ցեղասպանություն» անվանելու համար: «Ես գտնում եմ, որ շատ բարդ է դիվանագետին գործուղել մի երկիր, որտեղ նա պետք է այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ չարտասանելով «ցեղասպանություն» բառը»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով, որ Ջոն Հեֆերնը, ինչպես իր նախորդները, անպայման կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: