18 հուլիսի 2011 - 19:08 AMT
Հայաստանը ցանկանում է տեղայնացնել գյուղատնտեսության ոլորտում Արգենտինայի առաջավոր փորձը

«Արգենտինայի գյուղական հասարակություն» կազմակերպության նախագահ Ուգո Լուիս Բիոլկատիի և քարտուղար Խոսե Պեդրո Ռեխխիի հրավերով Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Բուենոս Այրեսի անասնաբուծության, գյուղատնտեսության և միջազգային արդյունաբերության 125-րդ հեղինակավոր ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է 2011 թվականի հուլիսի 23-ին «Լա Ռուրալ» մրցադաշտում:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու չեմպիոն հռչակված գյուղատնտեսական կենդանիների շքերթ, ներկայացվելու են արգենտինական արտադրության գյուղատնտեսական ապրանքներ, կազմակերպվելու են թեմատիկ համաժողովներ և սեմինարներ, գործնական հանդիպումներ:

Նախատեսվում է նախարարի հանդիպումը Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարար Խուլիան Դոմինգեսի հետ: Կքննարկվի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կստորագրվի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը կհանդիպի արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես, ճանաչված գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ: Հիմնական նպատակը վերջինիս գյուղատնտեսական արտադրությանն ու վերամշակող ձեռնարկություններին ծանոթանալն է, արգենտինական առաջավոր փորձը մեզանում օգտագործելու և տեղայնացնելու ցանկությունը: Հաջորդ հանդիպումը կլինի ագրոպարենային բնագավառի արգենտինահայ գործարարների հետ, որոնց նախարարը կհրավիրի մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանում կազմակերպվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովին, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժինը: