«Ալ Քաեդան» նոր առաջնորդ Այման ալ Զավահիրիի ղեկավարությամբ փոխում է մարտավարությունը: Այժմ ահաբեկիչները մտադիր են հարվածել ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող թիրախներին, քանի որ դա հեշտացնում է հարձակումների նախապատրաստումը: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ինչպես հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, «Ալ Քաեդայի» Եմենի մասնաճյուղը մտադիր է ավելացնել ահաբեկչությունների քանակը: Դրա պատճառով ԱՄՆ-ն ստիպված է լինելու լրջորեն փոխել իր մոտեցումը հակաահաբեկչական գործողությունների հարցում, հատկապես եթե փորձ արվի հարվածել Եվրոպայում և Աֆրիկայում գտնվող ամերիկյան թիրախներին: Նման հարձակումներ արդեն եղել են 1998թ., երբ «Ալ Քաեդան» ռմբակոծեց ԱՄՆ դեսպանատները Քենիայում և Տանզանիայում: Ալ Զավահիրին է մեղադրվում այդ ահաբեկչությունների կազմակերպման մեջ: «Ալ Քաեդայի» մասին գրքի հեղինակ Սեթ Ջոնսը հնարավոր է համարում «Ալ Քաեդայի» հարձակումները ԱՄՆ ռազմական, դիվանագիտական և այլ թիրախներին արտերկրում: Նախորդ ամիս Օբամայի վարչակազմը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կրկին «առաջնահերթ սպառնալիք է» համարում «Ալ Քաեդան», հայտնում է gazeta.ru-ն: