20 հուլիսի 2011 - 15:26 AMT
Միայն զբոսաշրջության ոլորտում կապիտալի արտահոսքը Հայաստանից Վրաստան կազմում է շուրջ 300 մլն դոլար

Միայն զբոսաշրջության ոլորտում կապիտալի արտահոսքը Հայաստանից Վրաստան կազմում է շուրջ 300 մլն դոլար, հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Այլընտրանք» հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, միայն զբոսաշրջային սեզոնում այդ գումարը կազմում է 100 մլն դոլար, իսկ եթե հավելենք այդ ոլորտում արվող ներդրումները, մասնավորապես, հյուրանոցների կառուցումը, ապա այդ գումարը կարելի է եռապատկել:

Վրացական շուկայի հանդեպ հայկական գործարարների նման հետաքրքրությունը բացատրվում է այն բարեփոխումներով ու փոփոխություններով, որոնք այդ երկրի իշխանությունները ձեռնարկեցին գործարար միջավայրի բարելավման համար: «Արդյունքում, նրանք, որ խնայողություններ ունեն, նույնիսկ բավականին զգալի կապիտալով ընկերությունները, ներդրումներ են կատարվում Վրաստանում, հիմնականում, ծառայությունների ոլորտում»,-ասել է նա:

Տնտեսագետը հավելել է, որ կապիտալի արտահոսքի ծավալները անհնար է վերահսկել, քանի որ գործարքները չեն կատարվում բանկային համակարգի միջոցով, իրականում արտահոսքը Վրաստան շատ ավելի մեծ է:

Միաժամանակ Մանասերյանը դժվարացել է նշել վերջին 20 տարում Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալը վիճակագրական տվյալների բացակայության պատճառով, սակայն, ըստ նրա, արտահոսքը միլիարդների է հասնում: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների, այլ նաև մարդկային կապիտալի մասին՝ հավելելով, որ այդ ընթացքում երկիրը լքել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: