20 հուլիսի 2011 - 16:00 AMT
ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն են այցելում ՀՀ տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից

Հայ Օգնության Ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնը ոստիկանության նախկին ընդունիչ բաշխիչ կայանն է, որը 1999թ-ից գործում է հատուկ պայմանագրով: Հայաստանը միակն է նախկին Խորհրդային Միության երկրներից, որ այդ կայանը վերածեց կարճաժամկետ ռեաբիլիտացիոն կենտրոնի: Կենտրոն այցելում են ՀՀ տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից նաև ԱՊՀ տարբեր երկրներում ապրող հայերը:

«Մեզ մոտ մեծ թիվ են կազմում այն անչափահասները, ովքեր հայտնվել են տարբեր դժվար կացությունների մեջ: Հիմնականում երեխաներին բերում են ոստիկանության աշխատակիցները և հասարակական կազմակերպությունների աշխատակիցները», - ասում է ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Ըստ նրա, երեխաներն այդ իրավիճակում հայտնվում են տարբեր պատճառներով. դրանցից են` ընտանիքներիում և դրսում իրականացվող բռնությունները, աղքատությունը և օրենքի խախտումը:

«2006 թ-ի տվյալներով կենտրոնում գտնվող երեխաների 28 %-ն էր ընտանեկան բռնության զոհ, իսկ 2010-ին այն արդեն հասել է 54 %-ի: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում գրեթե 3-րդ ծնող երեխային վիրավորական բառեր է ասում: Տարեկան միջին հաշվով մեր կենտրոն այցելում է 150 երեխա»,- ասաց Անտոնյանը:

ՀՕՖ-ի գործադիր տնօրենի հավաստմամբ` կենտրոնում 60% են կազմում այն երեխաները, որոնց ծնողները անկանոն կյանք են վարում. մշտապես փոխում են բնակության վայրը, ալկոհոլից կամ թմրամիջոցներից կախվածություն ունեն: