21 հուլիսի 2011 - 15:54 AMT
Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում համայնքների բյուջեներն են

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում վերջին 2-3 տարիներին համայնքների բյուջեներն են, նրանց կատարողականի ու եկամուտների հավաքագրումը: Այդ մասին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հուլիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ամփոփելով այդ կառույցի գործունեությունը 2011թ. առաջին կիսամյակում:

Ինչպես հայտնել է փոխնախարարը, 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների փաստացի մուտքերը կազմել են 10, 400 մլրդ դրամ նախատեսված 12,113 մլրդ դրամի փոխարեն՝ ապահովելով առաջին կիսամյակի կատարողականը 85,9 տոկոսով:

Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 85,3 տոկոսով: Փաստացի մուտքերը կազմել են 4,49 մլրդ դրամ, նախատեսված 5,26 մլրդ դրամի փոխարեն: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 82 տոկոսով, փաստացի մուքերը կազմել են 1,815 մլրդ դրամ, նախատեսված 2,215 մլրդ դրամի փոխարեն: «Դա պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, որոնք այնքան էլ լավ մեկնարկ չապահովեցին գյուղացիների համար, սակայն, մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ իրավիճակը կբարելավվի»,-հավելել է նա:

Ընդհանուր առմամբ հարկային եկամուտները կազմեցին 6,305 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 2,7 տոկոսով կամ կազմում է 167 292 դրամ: