22 հուլիսի 2011 - 15:14 AMT
Օգոստոսի 27-ին Գերմանիայում բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը կանցկացնի 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանում է գտնվում երիտասարդ բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը (Դավիթ Գրաֆ), որը պրոֆեսիոնալ ռինգում առաջին ծանր քաշային կարգում Գերմանիայի դրոշի ներքո անցկացրել է երեք մենամարտ և երեքում հաղթանակ տարել: «Իմ բոլոր մենամարտերում ես հաղթանակ եմ տարել նոկաուտով: Հիմա ես բռնցքամարտում եմ 4-ռաունդանոց մենամարտերում, 2 ամիս անց կանցկացնեմ 6 և 8-ռաունդանոց մարտեր, այնուհետև՝ 12»,- հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահակյանը:

Նա ծնվել է և մարզվել է Երևանում Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցում: Սիրողական բռնցքամարտում նա անցկացրել է 65 մենամարտ, 60-ում հաղթանակ տարել: 2007-ին նա Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Ժիրայր Գրաֆն ասել է, որ Սահակյանը հանդես է գալիս Զաուերլենդ ակումբում, քանի որ դա Գերմանիայի լավագույն ակումբն է: «Օգոստոսի 27-ին Վահագնը Գերմանիայում անցկացնելու է մենամարտ, բայց մրցակիցն առայժմ հայտնի չէ: Դրանից հետո նա հանգստանալու է, և սեպտեմբերի սկզբին գալու ենք Հայաստան՝ Վիկ Դարչինյանի մենամարտին ներկա գտնվելու համար»,- ասել է Գրաֆը: