22 հուլիսի 2011 - 15:36 AMT
Վարչապետը ծանոթացել է Աշտարակի վերանորոգված անձնագրային բաժանմունքի հնարավորություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք: Վերանորոգված և նորագույն տեխնիկայով կահավորված բաժանմունքի վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել վերջինիս պայմաներին, քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:

Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաև նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

Բաժանմունքի վերանորոգման և տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը: