23 հուլիսի 2011 - 15:51 AMT
Հայ-վրացական սահմանին ձերբակալվել է Կարեն Մեհրաբյանը՝ Ադրբեջանի համար լրտեսելու կասկածանքով

Այսօր՝ հուլիսի 23-ին, հայ-վրացական սահմանը «Բավրա» անցակետով հատելու փորձկատարելիս ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ, 1980 թ. ծնված Կարեն Յուրայի Մեհրաբյանը, որը կասկածվում է Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Կ. Մեհրաբյանը ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվել է երկարատև ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող` ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման և փոխանցման փաստերը: Կ. Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների և ՀՀ ՊՆ զինծառայողների:

ՀՀ ԱԱԾ–ում առկա են Կ. Մեհրաբյանի հակաիրավական գործունեության` Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու և հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասիհատկանիշներով /Պետական դավաճանություն/, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչականվարչությունը: