25 հուլիսի 2011 - 13:58 AMT
Սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հստակեցնի շուրջ 6000 թոշակառուների տվյալները

Նպատակ ունենալով կանոնակարգել կենսաթոշակների հատկացման ու կենսաթոշակային համակարգի տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակառաուների տվյալների նույնականացմանը: «Ընթացիկ տարվա մայիսին առանձնացվել են ճշգրտման ենթակա անձանց թվով 37026 անհատական տվյալներ»,-հուլիսի 25-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա, ճշգրտումներից հետո մայիսին կենսաթոշակներ են վճարվել 26 196 թոշակառուների, իսկ հունիսի 1-ի դրությամբ կհստակեցվի 10 705 կենսաթոշակառուի անձնական գործ, ընդ որում 3381 կենսաթոշակառու հունիսին ստացել է իր թոշակները: «Հուլիսի 1-ի դրությամբ 6 249 կենսաթոշակառուի անձնական տվյալները դեռ պետք է հստակեցվեն»,-հավելել է նա:

Բացի այդ, կատարվել են նաև հաշմանդամ ճանաչված անձանց տվյալների անհրաժեշտ համադրումներ, որի արդյունքում պարզվել է, որ թվով 816 կենսաթոշակառուների՝ ԲՍՓ գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի շտեմարանի և կենսաթոշակառուների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջև առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որի արդյունքում արձանագրվել է 1299,9 հազար գերավճար գումար: Ինչպես հայտնել է Արթուր Գրիգորյանը, նախարարությունը նաև աշխատոմ է կենսաթոշակի գործերի գույքագրման ուղղությամբ, որի շրջանակներում կատարված ուղղման արդյունքում մեկ ամսվա կտրվածքով խնայվել է 10,99 մլն դրամ գումար:

Նախարարը նշել է, որ շտեմարանի ստեղծումը թույլ կտա հետագայում բացառել կոռուպցիոն ռիսկերը, կապված հանրապետության տարածքում ապրող, կամ ժամանակավորապես բացակայող, կամ մահացած կենսաթոշակառուների հաշվառման հետ: «Այսօր ստեղծվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների միասնական շտեմարան, որը միացած կլինի Պետռեգիստրին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներին և սահմանային ծառայություններին: Աշխատանքները կավարտվեն 2011թ. դեկտեմբերին, իսկ 2012թ. հունվարից մենք արդեն չնույնականացված տվյալներ չենք ունենա»,-հավելել է նա:

Արթուր Գրիգորյանն անդրադարձել է նաև կենսաթոշակների վճարումների ժամկետին, որոնք մինչ 2011թ. մայիսը վճարվել են ամսվա կեսին՝ նշելով, որ այսժմ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, կենսաթոշակառուն կարող է ստանալ իր թոշակն արդեն ամսվա առաջին իսկ աշխատանքային օրը: