25 հուլիսի 2011 - 20:31 AMT
Նորվեգիայում «արյունալի ոճիրի» հեղինակն իրեն մեղավոր չի համարում, նա ցանկանում էր «փրկել» Արևելյան Եվրոպան

Նորվեգիայում երկու ահաբեկչությունների իրագործման մեջ մեղադրվող Անդրես Բրեյվիկը, որի զոհ են դարձել 93 հոգի, իրեն մեղավոր չի համարում, հաղորդել է Օսլոյի շրջանային դատարանի դատավոր Քիմ Հեգերը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը: Ինչպես ասվում է դատավորի հայտարարությունում, Բրեյվիկն ասել է, որ «ցանկանում էր փրկել Նորվեգիան և Արևելյան Եվրոպան»: Նրա նպատակն էր «ոչ թե սպանել հնարավորինս շատ մարդկանց, այլ հստակ ազդանշան տալ» ուրիշներին, նշվում է հայտարարությունում:

Օսլոյում դատարանի որոշման համաձայն Բրեյվիկի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև 8 շաբաթ: Մեղադրյալը պետք է 4 շաբաթ գտնվի լիակատար մեկուսացման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Հուլիսի 22-ին Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին:

Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել:

Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում:

Ուտոյան գտնվում է Օսլոյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին:

Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա:

Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին: