26 հուլիսի 2011 - 16:26 AMT
Սեպտեմբերին տեղի կունենա հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին: Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկկողմ հարաբերություններում արձանագրվող հաջողությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ տեխնիկական օժանդակությանը, էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և արդյունքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կողմերը խոսել են նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր: