26 հուլիսի 2011 - 22:02 AMT
Թուրքիան որոշել է միավորել Հայաստանին, Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին սառույցի՞ վրա

Հոկեյի թուրքական ֆեդերացիան խորհրդակցություններ է սկսել Վրաստանի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ Կովկասյան լիգա ստեղծելու նպատակով: Թուրքիայի հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ Սերհատ Էնյուջեն և վարչության անդամ Ուֆուկ Այհանը արդեն հանդիպումներ են անցկացրել Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Նուգզար Պայկիձեի և գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վաշակիձեի, Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի ղեկավար Հայկ Ջաղացպանյանի, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, առաջին բանակցություններից հետո կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կովկասյան լիգայում Թուրքիայի ու Վրաստանի 2-ական, և Հայաստանից մեկ թիմի մասնակցության վերաբերյալ: Իրանն ու Ադրբեջանը դեռ վերջնական պատասխան չեն տվել:

Մրցումները նախատեսվում է անցկացնել Էրզրումի մարզապալատում, որտեղ այս ձմռանն անցավ ունիվերսիադան: Վճռորոշ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-23 Ստամբուլում: