28 հուլիսի 2011 - 13:45 AMT
Իրաքահայ երիտասարդները ինտեգրվում են Հայաստանի հասարակական կյանքին

Ավարտվեց Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Աղվերանի «Կարին» ճամբարում կազմակերպված` «Իրաքահայ երիտասարդների մասնագիտական ինտեգրման գործընթացը ՀՀ հասարակական կյանքում» թեմայով սեմինարը, որին մասնակցեցին 14-20 տարեկան 20-ից ավելի իրաքահայ երիտասարդներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» խորհրդատուները երիտասարդների համար անցկացրեցին «Գտիր և ճանաչիր քո մասգնագիտությունը» խորագրով դասընթացներ, որոնց նպատակն էր իրաքահայ երիտասարդներին օժտել շարունակական ուսուցման և կարիերայի զարգացման հմտություններով, օգնել Հայաստանի աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ընտրել և համապատասխան աշխատանք գտնելու հնարավորություն ձեռք բերել:

5-օրյա սեմինարների ընթացքում իրաքահայ երիտասարդները մասնակցեցին նաև հայոց լեզվի, հայոց պատմության, արևմտահայերենի, հայկական մշակույթի, պարի դասընթացներին, ինչպես նաև, այցելեցին Սևան և Դիլիջան, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: