28 հուլիսի 2011 - 14:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011-ին Հայաստանում անտառային հրդեհների ընդամենը երեք դեպք է գրանցվել

«Այս տարի գրանցվել է անտառային հրդեհների միայն երեք դեպք` երկուսը Երևանում և մեկը` Գյումրիում: Երեքն էլ եղել են մարդածին և արագ մեկուսացվել են: Հրդեհի արագ մարումը գալիս է նաև նրանից, որ մեր երկիրը փոքր է, արագ է նկատվում ամեն ինչ և արագ էլ կանխվում է»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում շուրջ 2000 հա անտառային տարածք է այրվել, որի 50% 2010 թ-ին: Սակայն, ինչպես նշում է Պետրոսյանը, վնասները մեծ չեն, քանի որ Հայաստանում այրվում է անտառի միայն ներքևի շերտը:

«Այս հրդեհները հիմնականում լինում են այն պատճառով, որ հունձից հետո մարդիկ այրում են արտերը, և կրակը տարածվում է դեպի անտառներ: Հիմա էլ ամենահրդեհավտանգ ժամանակն է, ուստի ես խնդրում եմ բոլորին, որ էլ ավելի ուշադիր լինեն»,- ասաց Պետրոսյանը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ ԱԺ-ում քննարկվում է դաշտերի այրման մասին օրինագիծը, որը կարող է որպես ուղղում ընդունվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում: Ընդունվելու դեպքում դա կնպաստի հրդեհների կանխարգելմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ