28 հուլիսի 2011 - 14:52 AMT
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի համար սովորություն է դարձել ցանկացած միջադեպի մեղքը բարդել հայկական կողմի վրա

Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմում 22-ամյա կին է վիրավորվել:

«Ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որը ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում և պատճառում նորանոր վնասներ: Օրինակ, բոլորովին վերջերս` հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված` 1976թ.) և Մանվել Վանեսյանը (ծնված` 1987թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետևանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ»,-ասել է Դավիթ Կարապետյանը:

Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով տուժում է Ադրբեջանի որևէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաև դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: