28 հուլիսի 2011 - 15:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը բարեփոխումներ է անցկացնում ոչ ձևականորեն և ոչ հանուն Եվրամիության գնահատականի

Հայաստանը տարբերակված մոտեցում է ակնկալում Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ տարբեր երկրների բարեփոխումները գնահատելիս։ Այդ մասին հուլիսի 28-ին Երևանում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին տարբեր երկրներում բարեփոխումներ անցկացնելիս գնահատականները պետք է տարբերակված լինեն»,- ասել է նա։

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկացած երկրի նման բարեփոխումներ է անցկացնում ոչ թե որոշակի հաշվետվություններ ներկայացնելու, այլ զարգացման ճանապարհով ընթանալու համար։ «Առանց բարեփոխումներ իրագործելու մենք զարգացում չենք տեսնում, առանց բարեփոխումների մենք չենք տեսնում ուժեղ պետության և զարգացած հասարակության ձևավորում»,- ասել է նա։ Այդ առումով նա կարևորել է, որպեսզի գնահատականներ տրվեն՝ ելնելով բարեփոխումների իրագործման ճանապարհին ձեռք բերված արդյունքներից, այլ ոչ թե այլ գործոնների հիման վրա։ «Եթե ավելի ճիշտ ձևակերպել՝ մեծ աջակցություն, մեծ արդյունքներ»,- ասել է նա։

Իր հերթին Լեհաստանի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Լեհաստանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է ակնկալում Վարշավայում սեպտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում։ Բրոնիսլավ Կոմորովսկին ասել է, որ գագաթնաժողովի ընթացքում գնահատվելու է բարեփոխումների իրագործմանն աջակցելու համար տրամադրված միջոցների արդյունավետությունը։ Նրա խոսքով, գագաթնաժողովը լավ առիթ է «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների համար փորձով փոխանակվելու, ԵՄ առջև ծառացած նոր մարտահրավերները քննարկելու համար։

ՖՈՏՈՇԱՐՔ