29 հուլիսի 2011 - 16:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գարեգին Երկրորդ. Քրիստոնեական հավատը և արժեքները հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքն են

Հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Լեհաստանի նախագահի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ քրիստոնեական հավատը և արժեքներն են հիմքը կազմում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության, որից դրդված դարերի ընթացքում հայորդիները տարբեր պատմական հանգամանքներում ապաստան են գտել հավատակից եղբայր լեհ ժողովրդի հյուրընկալ երկրում: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը, ի դեմս Լեհաստանի նախագահի, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և ժողովրդին այսօր ևս լեհահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի և աջակցության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի և Լեհաստանի միջև փոխհարաբերությունների առավել սերտացման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման առիթով:

Իր հերթին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ուրախություն հայտնեց Հայոց Եկեղեցու նվիրական կենտրոնում գտնվելու առիթով, անդրադարձավ դարերի ընթացքում հայ համայնքի կարևոր դերակատարությանը Լեհաստանի կյանքում: Իր խոսքում նախագահ Կոմորովսկին ընդգծեց, որ Լեհաստանը պետք է ոչ միայն շարունակի պահպանել բարեկամությունը, այլև նպաստի համագործակցության զարգացմանը և նաև իբրև Եվրամիության նախագահող երկիր` զորակից լինի Հայաստանին Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունների մասին: Վերջում Նորին Սրբությունը առաջընթաց և բարօրություն մաղթեց Լեհաստանի ժողովրդին` հորդորելով շարունակել պահպանել հավատի խորը զգացումը, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ