29 հուլիսի 2011 - 17:24 AMT
ՊՆ. Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ լուրերն անհիմն են

«Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել և նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաև սպորտով»,- հայտարարել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը ՊՆ ղեկավարի առողջության վատթարացման մասին:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր տեղեկություն է տպագրել, թե իբր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է, նա երկարատև բուժման կարիք ունի և առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշվում է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ նրա ստացած վերքը ակտիվացել է:

«Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն երրորդ տարին է` արձակուրդ չի գնում»,- ասել է Կարապետյանը: