29 հուլիսի 2011 - 18:48 AMT
Լույս է տեսել Ռուբեն Տերտերյանի «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» գիրքը

Հրատարակվել է XX-րդ դարի երկրորդ կեսի մեծանուն հայ կոմպոզիտոր, պրոֆեսոր Ավետ Տերտերյանին նվիրված Ռուբեն Տերտերյանի «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» գիրքը: Գիրքը կազմված է հեղինակի զրույցներից կոմպոզիտորի հետ հայրենի տան, ընտանիքի, մանկության, ծնողների, ուսուցիչների, ստեղծագործական գործունեության, ստեղծագործությունների և կատարումների ընթացքի, 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտական մշակութային կյանքի մասին: Գրքում բացահայտվում են կոմպոզիտորի փիլիսոփայական և գեղագիտական հայացքները, իր մոտեցումները կյանքին և ստեղծագործությանը, նաև հատվածներ 1989-1994 թթ. հարցազրույցներից: Առանձնակի հետաքրքրական է մատուցման ձևը` երկխոսություն- պատում կոմպոզիտորի մասին ուղիղ խոսքով` առավել հավաստի ու դիպուկ:

Աշխատությունը երկրորդ հրատարակությունն է (1-ը` լույս է տեսել Վ. Յուզեֆովիչի խմբագրմամբ, 1989թ-ին.), որը համալրված է կոմպոզիտորի այն խոհերով, որոնք խորհրդային կարգերի գրաքննության պատճառով չէին ընգրկվել նախորդ հրատարկության մեջ: Երկրորդ հրատարակությունը լրացվել է ծանոթագրությամբ` գրված Ի. Գ. Տիգրանովայի կողմից, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Ավետ Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի նախաշեմի մեծանուն հայ կոմպոզիտորներից է, ով իր երաժշտությամբ միաձուլվել ու ընկղմվել է արևելքի և արևմուտքի երաժշտական մշակույթներում:

Հայրենիքում և նրա սահմաններից դուրս ճանաչում են գտել Ա. Տերտերյանի ութ սիմֆոնիաները (1969-89), «Կրակե օղակ» և «Երկրաշարժ» օպերաները, որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, հայկական մոնոդիաների, կոմիտասյան ավանդույթների փոխակերպման նորարարական հնարներով: Գրքում անդրադարձ կա նաև Ա. Տերտերյանի ստեղծագործական և բարեկամական առնչություններին Արվո Պյարտի, Ալֆրեդ Շնիտկեի, Լուիջի Նոնոյի, Սոֆյա Գուբայդուլինայի, Գիա Կանչելիի, Վալենտին Սիլվեստրովի հետ: Ավետ Տերտերյանը ՀԽՍՀ պետական, Արամ Խաչատրյանի անվան մրցանակակիր է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր (հետմահու):