1 օգոստոսի 2011 - 18:05 AMT
Կիրո Մանոյան. Թուրքիան պարբերաբար փնտրում է, թե ումից ներողություն պահանջի

Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Երևանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները Հայ-թուրքական արձանագրությունների ներքո, քանի որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է նաև ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Ստորագրությունների հետ կանչման հարցում հապաղելը ձեռնտու է թուրքական կողմին, ավելացրել է նա:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից ներողություն է պահանջել», Կիրո Մանոյանն այն «անսպասելի» է անվանել՝ ավելացնելով, որ Թուրքիան պարբերաբար ներողություն է պահանջում տարբեր երկրներից: Նշելով, որ հայկական կողմը դրական է գնահատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Կիրո Մանոյանն ընդգծել է, որ թուրքական կողմի «պահանջների» առնչությամբ Երևանի լռությունն առաջ է բերում Սփյուռքի տարակուսանքը:

Թուրքիայի վարչապետի «դժգոհությունն» առաջ է բերել Հայաստանի նախագահի պատասխանը հայ դպրոցականի հարցին այն մասին, թե արդյոք հայերին սպասում է ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որը փյունիկի պես միշտ հառնում է»:

Վերջերս Էրդողանն Իսրայելից պահանջել է ներողություն հայցել անցյալ տարվա մայիսին «Ազատության նավատորմ» միջազգային ծովային հումանիտար նավի վրա հարձակման համար, որի արդյունքում ութ Թուրքիայի քաղաքացի և մեկ թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի էր զոհվել: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է այցելել Գազայի սեկտոր: Իսրայելում դեռ չեն որոշել՝ հայցել ներողություն Թուրքիայից, թե ոչ: