2 օգոստոսի 2011 - 20:42 AMT
Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ը համեմատել է S դասի Մերսեդեսի հետ

«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում, ներկայացրել է Կոնգրեսի ձեռքբերումներն իր հիմնադրման օրվանից ի վեր: Նա նկատել է, որ այդ արդյունքները ներկայացնելու համար պետք է համեմատել անցյալն ու ներկան: «Երեք տարի առաջ ավելի քան 100 քաղբանտարկյալ կար, իսկ այժմ` ոչ մի, երեք տարի առաջ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության համար, իսկ այժմ բաց է, երեք տարի առաջ իշխանությունները փորձում էին փակել մարտի մեկի էջը, սակայն այժմ ստիպված են կրկին բացել այն»,- հայտնել է Փաշինյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, նա ընդգծել է, որ այդ ամենը ՀԱԿ-ի պայքարի շնորհիվ է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը նաև ասել է, որ այսօր իշխանությունները ստիպված են ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ ոչ թե խոսել ուժի լեզվով: Դիմելով նրանց, ովքեր դժգոհ են Հայ ազգային կոնգրեսի պայքարի տեմպերից, Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ը համեմատել է Մերսեդեսի հետ` հայտնելով, որ «անգամ S դասի Մերսեդեսը չի կարող միշտ միևնույն արագությամբ շարժվել»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ ՀԱԿ-ի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն է: