4 օգոստոսի 2011 - 18:51 AMT
Արցախի նախագահը ՀՀ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հարկ է նշել, որ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Մովսես Հակոբյանի հետ միասին այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի առաջավոր դիրքեր: ԼՂՀ զորամասերից մեկում Տիգրան Սարգսյանը մասնակցել էր ուսումնական զորավարժություններին: